Բաց հասարակություն կառուցելու և ժամանակակից աշխարհի լիարժեք ու արժանապատիվ անդամը լինելու պաշտոնական Երևանի պարբերաբար հայտարարություններն ու բնակչության մի փոքր հատվածի հետևողական պնդումները (Երևանի, որովհետև, քիչ թե շատ, միայն այստեղից են հնչում կոնվուլսիվ արձագանքներ տեղի ունեցող գործընթացներին), թե. այդ հայտարարությունները տրամագծորեն հակառակ գործընթացը քողարկելու լկտի հնարք են, վերջնարդյունքում դառնում են ընդամենը արձանագրություններ և մատնվում անգոյին: Իսկ իրականությունն այդպես էլ դիմադրության առիթ չի հանդիսանում և, դատարկ խոսքերի վերածված, հոգեբանական հարթությունում քայքայում է ՀՀ յուրաքանչյուր առանձին քաղաքացու դիմադրողականությունը: Հիմա էլ, վերջնականապես Ռուսաստանի գաղութը դառնալու և այդ երկրի շահերը սպասարկող մարդկանց խմբի վերածվելու վտանգը գլխներիս կախված, շարունակում ենք անկյուններից հաթաթա տալու, իմա` սոցցանցերում անցողիկ արձանագրություններ թողնելու մեր ամենաանվտանգ, ժողովրդի լեզվով` անշառ գործը: Նաև օգտագործվում ենք, այն իմաստով, որ լրատվամիջոցներին մեկնաբանություն կամ կարծիք հաղորդելով, ծառայում ենք մեռյալ երկրում շարժ արձանագրելու պրոպագանդիստական քաղաքականությանը: Մի քանի հոգի հավաքելու և կցկտուր ակցիաներ իրականացնելու փորձերն ավելի շուտ ձախողումների շղթան երկարացնելու, քան հանրային դիմադրության սիմպտոմ է: Բանն այն է, որ հանրային դիմադրությունը լուրջ կազմակերպչական հարց է, որը պահանջում է կոնկրետ իմացություններ և մեթոդաբանության: Սա կոչվում է «հասարակական շարժման դինամիկա», ինչն ազատությունների համար պայքարի համաշխարհային հաջողված փորձի ուսումնասիրությունն է, տեղայնացումն ու կիրառությունը: Հայաստանում, դատելով օբյեկտիվ իրավիճակից, այդ իմացություններին տիրապետող մարդ կամ կազմակերպություն չկա: Ասում եմ` չկա, որովհետև չի առարկայանում: Կրկին օբյեկտիվ պատճառով` 2007-ին ձևավորված համազգային դիմադրության երկարատև պայքարից ու վերջնական ձախողումից հետո ի հայտ եկած մի քանի միավորումներ և հասարակական կազմակերպություններ, չնայած պարբերաբար հնչող տրտունջներին, թե փող չկա, տեսնում ենք, որ լավ էլ պահպանում են իրենց գոյությունը, ինչ-ինչ միջոցառումներ են կաղմակերպում, ունեն գրասենյակներ ու նույնիսկ վճարովի աշխատողներ, հրավիրում են ժողովներ, սեմինարներ, գիտահետազոտական տարաբնույթ հավաքներ, մեկնում են արտասահմաններ փորձ ձեռք բերելու և իրենց ցուցադրելու նպատակով, հրապարակում են հաշվետվություններ իրենց արած հետազոտությունների և այլնի մասին, ժամանակակից լեզվով` PR են անում իրենց գործունեությունը: Այսինքն, փող, այնուամենայնիվ, կա: Հարց` ինչո՞ւ, այդ դեպքում, թեկուզ կոնկրետ ու օրախնդիր հարցերի ծագման պարագաներում, զանգվածային անհամաձայնության, ընդվզումների ու անշուշտ խաղաղ, բայց կամային և հետևողական շարժումներ չեն կազմակերպվում: Պատճառաբանությունը, թե ժողովուրդը պասիվ է, վախկոտ է և այլն, չի ընդունվում, որովհետև, կրկնում եմ, անհրաժեշտ է լուրջ կազմակերպչական աշխատանք տանել դրա համար, անձնական օրինակներով ու համոզիչ, առանց դատարկաբանության, հրապարակային խոսքով միավորել ու առաջնորդել մարդկանց: Ու քանի որ դա չի արվում, բոլոր նախաձեռնություններն ու միավորումները, ինչպես նաև դրանց առանձին ակտիվ ու երևելի անդամներ, որոնց հետ հույսեր են կապվում, շատ արագ սկսում են վարկաբեկվել ու կորցնել հանրության վստահությունն իրենց նկատմամբ: Վերջին առիթը, որը, կարծես թե, պիտի խթաներ հանրային կարծիքի արտահայտման ցուցադրությունը, Վիլնյուսի գագաթնաժողովն էր, որտեղ այդ հանրության անունից ինքնակամ հանդես եկող ՀՀ նախագահն իր կեցվածքով, կերպարով ու վարքագծով ցուցադրեց երկրի գաղութացման փաստը: Ի հավելումն, Հայաստանի հասարակության երևելի ներկայացուցիչն արձանագրեց. «Հայաստանի մասին Վիլնյուսում ոչինչ չի քննարկվում: Սակայն ոչ այն պատճառով, որ մենք Արևելյան գործընկերությունից դուրս ենք, այլ որ Հայաստանում Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու վերաբերյալ զանգվածային-հրապարակային վերաբերմունք չկա, ի տարբերություն Ուկրաինայի: Այդ իսկ պատճառով, ուշադրության կենտրոնում Ուկրաինան է»:
Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ